Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը․ Արցախի նախագահն իր վշտակցությունն է հայտնել Ռուստամ Գասպարյանի հարազատներին
Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…
Վշտակցում եմ բոլոր հարազատներին:
Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:
Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»,- գրել է Արցախի նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր Ռուստամ Գասպարյանի մահվան մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։










