Կա մտավախություն, որ հող է նախապատրաստվում Նախիջևանի ուղղությամբ ինչ-ինչ գործողությունների համար. Կ. Վրթանեսյանը՝ Ադրբեջանի հայտարարության մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն Նախիջևանի բնակավայր է հրթիռակոծել

12:51 • 17.10.20

Կա մտավախություն, որ այդ հայտարարությունը զուտ հող է նախապատրաստում Նախիջևանի ուղղությամբ ինչ-ինչ գործողությունների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե իբր ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադ բնակավայրը հռթիռակոծվել է:

Վրթանեսյանն ընդգծեց՝ հայկական կողմը պաշտոնապես հերքել է, թե հարվածել է Նախիջևանի ուղղությամբ: «Ես կարծում եմ՝ ոչ այնքան ժամանակին ու տեղին կլիներ այս պահին առաջինը հարված հասցնել Նախիջևանին»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե այնպես չէ, որ Ադրբեջանը ՀՀ տարածքին կամ քաղաքացիական օբյեկտներին չի հարվածել:

«Պատերազմի առաջին օրերին Վարդենիսում ավտոբուս էին խփել, նաև՝ քաղաքացիական անձ էր զոհվել: Այնպես չէ, որ Ադրբեջանը դա նոր է անում, առաջին անգամ է անում»,-ասաց Վրթանեսյանը:

Անդրադառնալով Արցախի ՊԲ-ի կողմից Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ներկայացմանը՝ Վրթանեսյանը նշեց, թե դրանք ներկայացվել են՝ ցույց տալու համար, որ Գյանջային հարվածներ հասցնելու լեգիտիմ հիմքեր կան: «Ի դեպ, օրեր առաջ հայկական կողմը հնարավոր հարվածների մասին զգուշացրեց ադրբեջանական մի շարք բնակավայրերի բնակիչների, որոնք ռազմական օբյեկտների մոտակայքում են բնակվում»,-հավելեց ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։