Թուրքիան չպետք է միջամտի Ղարաբաղյան հակամարտությանը. Ռուս Ուղղափառ եկեղեցի
Ռուս Ուղղափառ եկեղեցին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է վերջ դնել պատերազմին, և Թուրքիան չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը:
«Տեղի ունեցող հակամարտությունը պետք է տեղափոխել քաղաքական բանակցությունների դաշտ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները կարողանան ընդունելի որոշում կայացնել»,- ընդգծել է միտրոպոլիտ Իլարիոնը:
«Պետք է կանգնեցնել պատերազմը և քաղաքական լուծումներ գտնել, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ երրորդ ուժեր չմիջամտեն: Այժմ մշտապես Թուրքիայի կողմից հայտարարություններ ենք լսում, սակայն Թուրքիան կապ չունի հակամարտության հետ և չպետք է ունենա»,- նշել է վերջինս:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ։










