Փարիզում և Ֆրանսիայի խոշոր այլ քաղաքներում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով պարետային ժամ է սահմանվել. ТАСС

04:17 • 17.10.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրած հրամանագրով՝ մայրաքաղաք Փարիզում և մի շարք այլ խոշոր քաղաքներում Երևանի ժամանակով 02:00-ից հակահամաճարակային նոր սահմանափակումներ են մտցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ այդմ՝ Փարիզի ժամանակով երեկոյան 21:00-06:00-ն սահմանվելու է պարետային ժամ:

Ֆրանսիայում նոր սահմանափակումներ են սկսել գործել երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով և կարող են երկարացվել մինչև դեկտեմբերի 1-ը: 

Նոր կանոնների համաձայն՝ սրճարաններում և ռեստորաններում մեկ սեղանի շուրջ կարող են նստել ոչ ավելի, քան 6 մարդ, որոնց բոլորի անձնական տվյալները պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում: Սրճարանները և արագ սննդի կետերն այցելուների համար կփակվեն տեղական ժամանակով 20:30-ին, որպեսզի մարդիկ հասցնեն տուն վերադառնալ մինչև պարետային ժամի մեկնարկը:

Հասարակական տրանսպորտը կգործի սովորական գրաֆիկով, որպեսզի մարդիկ կարողանան տուն վերադառնալ աշխատանքից հետո: Ֆրանսիացիները կկարողանան նաև արձակուր մեկնել երկրի այլ շրջաններ: