Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 քաղաքացիական վիրավոր. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

20:05 • 17.10.20

Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ամփոփելով վերջին օրերի զարգացումները՝ նշեց, որ այս պահի դրությամբ առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ, որից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ հարձակում է եղել, կա 115 վիրավոր:

Բեգլարյանի խոսքով՝ հարձակումների թիրախավորումները հաշվարկված են եղել, 36 զոհերից 8-ը կին է եղել, 28-ը՝տղամարդ, որոնց միջին տարիքը 50-ից բարձր է, նույն պատկերն է նաև վիրավորների պարագայում: 115 վիրավորից 95-ը լուրջ վնասվածքներ են ստացել, մոտ 20-ը՝ թեթև. 95-ից 18 կանայք են, 77-ը՝ տղամարդիկ:

«Անդրադառնամ նաև նյութական վնասներին. սեպտեմբերի 27-ից լայնածացալ թիրախավորում է տեղի ունեցել բավական շատ բնակավայրերի ուղղությամբ, մեր հաշվարկով՝ ավելի քան 130 բնակավայրի ուղղությամբ, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրական դիրքերում. սահմանամերձ գյուղերից մինչև ամենախորքային բնակավայրերը»,- ասաց նա և հավելեց, որ մոտ 7800 անշարժ գույք է վնասվել, 1310-ից ավել ենթակառուցվածք և 720-ից ավել շարժական գույք, մեքենաներ:

Նա նշեց, որ 1310 ենթակառուցվածքների մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգեր, ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտի կառույցներ, ինչպես նաև կամուրջներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, գործարաններ: 

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց, որ խաղաղ բնակչության վրա հարձակումները շարունակվել են նաև հրադադարից հետո, որի արդյունքում՝ հայկական կողմում կրկին եղել են սպանվածներ և վիրավորվածներ:

«Վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութերում երևում է անմարդկային վերաբերմունք հայ ռազմագերների նկատմամբ, որն ամբողջությամբ իրականությանն է համապատասխանում, նրանից մեկը քաղաքացիական անձ էր՝ 73 տարեկան պապիկ: Սա խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության և իրավապաշտպան համայնքի կողմից, որոշակի արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ այդ արձագանքներով, պետք է պարզվի այս հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և պատժամիջոց կիրառվի»,- շեշտեց նա: