Ռազմաճակատում․ «Հետք»-ն անդրադարձել է Մռավ լեռան վրա իրենց ծառայությունը կատարող զինվորներին (տեսանյութ)

19:00 • 17.10.20

«Հետք»-ը այս անգամ անդրադարձել է Մռավ լեռան վրա իրենց ծառայությունը կատարող զինծառայողներին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Տերեւաթափը սկսվել է արդեն: Մեքենան մտնում է անտառ, ու աշնանային գույների միջով դանդաղ բարձրանում ենք դեպի Մռավ լեռը: Վարորդը՝ Խոսրով Մուսայելյանը, պայմանագրային զինծառայող է: Որդին՝ 19-ամյա Վալերին, զոհվել է սեպտեմբերի 28-ին հարավում մղված մարտերում: Որդու զոհվելու մասին ընթացքում ասում է բեռնախցիկում նստած զինվորականը: Խոսրովի դեմքի բոլոր հատվածներում վիշտ կա: Ու ոչ մի բառ չես կարողանում արտաբերել լուրն իմանալուց հետո: Փորձում եմ ջարդել բեռնատարի ձայնին զուգահեռ լռությունը:

-Քա՞նի անգամ ես բարձրանում օրվա ընթացքում,- հարցնում եմ Խոսրովին:

-Քանի անգամ պետք է լինում, բարձրանում եմ:

Հետո մեքենայի մասին եմ հարցեր տալիս, նա սկսում է մեքենայի հնարավորությունների մասին պատմել: Ու մեկ էլ խոսքի մեջ գլուխը տարուբերելով՝ ասում է. «Քանի ընտանիքի մեջք կոտրվեց, գիտե՞ս»: Ու սկսում է անուններ տալ:

Մինչեւ Մռավ բարձրանալն անտառում զինվորները սուրճ առաջարկեցին: Պատերազմը սկսելու օրվանից սա առաջին անգամն է: Իսկ դա նշանակում է, որ համեմատաբար հանգիստ է վիճակը: Զորքն ինժեներական աշխատանքներ է իրականացնում: Լեռան վրայի դիրքեր միայն զինվորական մեքենայով կարող ենք գնալ: Ամեն դիրքում զինվորները մեզ էին հարցեր տալիս. ի՞նչ կա սահմանի մյուս հատվածներում, Երեւանում, ի՞նչ են խոսում Ղարաբաղի հարցի մասին դրսում... Բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չունեինք: Հետո զրույցը սկսում է ծավալվել տարբեր ուղղություններով:

Մռավ հասնելուն պես դիրքի տղաները միանգամից հավաքվում ու սկսում են բեռնաթափել մեքենան: Այստեղ պայմանագրային զինծառայողներին միացել են նաեւ ժամկետայիններն ու կամավորականները:

Մամիկոն Ավանյանը Ռուսաստանից է եկել, շահումյանցի է: Հարձակման մասին լսելուն պես եկել է: Այս դիրքում նա միակը չէ, որ Ռուսաստանից է եկել: Մամիկոնն ասում է, որ շատերն են ուզում գալ:

-Ինչպե՞ս է տղաների տրամադրությունը,- հարցնում եմ Մամիկոնին:

-Բոլորի դուխը տեղն է: Մեր ազգի նման դուխով տղերք չկան ոչ մի տեղ աշխարհում: Մանավանդ մեր 18-19 տարեկան տղաների նմանը չկա: Ոչ մի բանից չենք վախենում: Մենք մեր հայրենիքն ենք պահում: Բայց ինչ որ իրենք են անում (նկատի ունի ադրբեջանցիներին- հեղ.), կրկնակին մենք պետք է անենք: Եթե նրանք մեր քաղաքներն են ավերում, նույնը մենք պետք է անենք,- ասում է Մամիկոնը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: