Մինչ այս պահը Գեղարքունիքի մարզում խոցվել են հակառակորդի 18 ԱԹՍ․ Գնել Սանոսյան
Մարզում բնակչությունը փորձում է և կարողանում է խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից կամ զոհերից: Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Սանոսյանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմի իրականացրած հարձակումների ընթացքում տուժել է նաև Գեղարքունիքի մարզը, եղել են զոհեր և վիրավորներ, վնասվել են տներ, դպրոցներ: «Մինչ այս պահը մարզում խոցվել են 18 ԱԹՍ: Բոլորս քաջ գիտակցում ենք մարզի աշխարհագրական դիրքը և թե ինչ կարևոր անելիքներ ունենք Արցախի մեր եղբայրներին օգնելու հարցում»:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով օգնում են Հայաստանին և Արցախին այս օրհասական պահին: Մարզում արդեն Մարտունու և Վարդենիսի հիվանդանոցները գործում են որպես զինվորական հոսպիտալ:
Սանոսյանը մի պատմություն պատմեց, որ Սևանից Գևորգ անունով երիտասարդը ձեռքը գրպանում Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչև ռազմաճակատ: «Ինչո՞ւ ձեռքը գրպանում, որովհետև նրա մեկ ձեռքը դաստակից կտրված է և Գևորգն այդ փաստը թացրել է, հիմա առաջնագծում է, մեր տղաների կողքին: Մենք նման հերոսական պատմություններ ամեն օր լսում ենք, մենք քաջ գիտակցում ենք, որ մեզ հաղթել հնարավոր չէ և մենք պարտադիր, անպայման հաղթելու ենք»:










