ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել անհապաղ իրագործել մարդասիրական հրադադարը Լեռնային Ղարաբաղում

22:14 • 17.10.20

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ իրագործել հոկտեմբերի 9-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարը:

«Լեռնային Ղարաբաղում և դրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի և անթույլատրելի վնաս է հասցնում երեխաներին: Երեխաների շրջանում մահվան և վիրավորման դեպքերի աճող թվին զուգահեռ տասնյակ տներ և դպրոցներ են վնասվել և ավերվել: Բազմաթիվ երեխաներ և ընտանիքներ ծայրահեղ հոգեբանական տրավմայի են ենթարկվում շաբաթներ շարունակ:

ՅՈւՆԻՍԵՖ-ն ամենախիստ եղանակով կոչ է անում անմիջապես իրագործել մարդասիրական հրադադարը, որը երկու կողմերը համաձայնեցրել են հոկտեմբերի 9-ին: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական հաստատությունները, որոնք գտնվում են նրանց կիրառման տիրույթում, պետք է պաշտպանվեն մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքի շրջանակներում: Ռազմական բախումների լիակատար հրադադարը բխում է երեխաների շահերից»,- ասվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։