Ռազմաճակատում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում
Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչև 21:00-ն: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










