Մտահոգություն ունենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն կատարվել, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել․ Արցախ այցելած Բունդեսթագի պատգամավորներ (տեսանյութ)
Մենք հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա և դա մեծ հանցագործություն է մարդկության դեմ։ Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում հրաիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախ այցելած Գերմանիայի Բունդեսթագի (օրենսդիր մարմին) պատգամավոր Շտեֆեն Քոտրեն։
«Մենք Գերմանիայից եկել ենք Արցախ, որ մեր աչքերով տեսնենք՝ ինչ է կատարվում այստեղ և տեսնենք՝ պատերազմն ինչ է այստեղ արել։ Գերմանական մեդիաներն արդար ձևով չեն ներկայացնում պատերազմը։ Եվ դրա համար կարևոր էր, որ մենք գայինք, մեր աչքերով տեսնեինք իրականությունը։ Մենք եղել ենք Շուշի քաղաքում և տեսել ենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ եկեղեցիներ է հրթիռակոծել։ Այսօր Ստեփանակերտում տեսել ենք, որ խաղաղ բնակիչների տները, շենքերը ռմբակոծել են։ Ընդ որում, ռմբակոծել են, բայց այդ տարածքում ոչ մի ռազմական տեխնիկա կամ ռազմական օբյեկտներ չեն եղել»,- նշեց նա։
Բունդեսթագի պատգամավորն աշխարհի խորհրդարաններին կոչ արեց ոչ միայն խոսել, այլ սկսել գործողություններ կատարել՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
«Մենք ուզում ենք, որ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որպեսզի այս պատերազմը շուտով վերջանա։ Մեր առաքելությունը նրանում է, որ այն ամենը, ինչը մենք տեսել ենք, հասցնենք Գերմանիա, Եվրոպա։ Խաղաղություն սիրող յուրաքանչյուր մարդ, կազմակերպություն այժմ պետք է սկսի ձայն բարձրացնել Ադրբեջանի դեմ, որպեսզի իրենք դադարեցնեն պատերազմը։ Մենք պատրաստ ենք խաղաղության համար քայլեր անել»,- նշեց Շտեֆեն Քոտրեն։
Արցախ այցելած Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր Շտեֆան Քոյթերն էլ ասաց, որ Արցախում արձանագրել են՝ Ադրբեջանը օգտագործում է միջազգայնորեն արգելված զինատեսակներ։
«Շատ կարևոր է արձանագրել, որ սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ մեծ պատերազմ է։ Մենք այստեղ ենք՝ եվրոպական ժողովուրդներին արթնացնելու համար։ Կարծում ենք, որ Մինսկի խմբի պրոցեսը այլևս չի գործելու։ Շատ մարդիկ դեռ պետք է հասկանան իրական խնդիրը որն է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի մեջ։ Մենք մտահոգություն ունենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն կատարվել, փորձում են Արցախի բնակչությանը բնաջնջել, և հիմա մենք փորձում ենք այլ ժողովուրդներին ցույց տալ՝ ինչ է կատարվում և փորձենք կանխել դա։ Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը և ուզում ենք հենց հիմա դադարեցնել այս պատերազմը»,- նշեց Բունդեսթագի պատգամավորը։










