Մարտերը շարունակվում են, հատկապես թեժ է հարավում․ այսօր խոցվել է հակառակորդի 9 ԱԹՍ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Օրվա ընթացքում՝ մինչև 20։30-ի դրությամբ խոցվել է թշնամու 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի պայմանը, որն առաջարկել էր ֆրանսիական կողմը։ Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով։ Սկզբում Հյուսիսային ուղղությամբ հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով»,- հայտնեց նա։
Նույն ժամանակահատվածում, Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հարավային ուղղությամբ օպերացիոն ընդհանուր ուղղության երկու առանձին հատվածներում թշնամին փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։ Մեկ ուղղությամբ ադրբեջանաահաբեկչական ուժերը, ընկնելով հայկական զինված ուժերի հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, մեծաքանակ զինամթերք։
«Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն, որոնց մասին շատ են բարձրաձայնում, դուք տեսնում եք, բայց քանի որ այս պատերազմում, որը չափազանց ուժգին, սաստիկ և մեծ կրակային խտություն պարունակող մարտական գործողություններ են, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվելով հաջողությունները ֆիքսելը տվյալ պատերազմում ընդհանրապես ակտուալ չէ։ 5-րդ սերնդի պատերազմ է ընթանում՝ բարձր տեխնոլոգիական միջոցներով, մանևրային խմբերով և ստատիկ բնագծերի պահպանության համար առանձին մարտական գործողություններ չեն վարվում»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը։










