«Ոչ մի պատերազմում նման սարսափի զգացում չեմ ունեցել. Ղարաբաղը հրադադարների միջև». EADaily-ի թղթակիցն իրավիճակը ներկայացրել է Արցախից

17:57 • 18.10.20

Հրադադարը Լեռնային Ղարաբաղում, որը հայտարարվել էր հոկտեմբերի 10-ին, բավականին փխրուն էր և բազմիցս խախտվել էր: Մեկ շաբաթ անց հակամարտության կողմերը ևս մեկ պայմանավորվածության մասին հայտարարեցին: Այս ընթացքում Ստեփականակերտը փոքր-ինչ հանգստացել է կործանարար ռմբակոծությունից, մարդիկ սկսել են քիչ-քիչ դուրս գալ նկուղներից: Այս մասին գրում է EADaily-ի թղթակից Կրիստինա Մելնիկովան, որն այս շաբաթ գտնվել է Արցախում:

«Հոկտեմբերի 10-ին հայտարարված հրադադարից հետո հրթիռների հարվածները, անօդաչուների աշխատանքը և անգամ ավիացիոն հարվածները չէին վերացել: Ի դեպ, հարվածների են ենթարկվել քաղաքացիական կառույցները՝ հիվանդանոց Մարտակերտում, մանկապարտեղ Մարտունիում, բարձրահարկ շենքերի փողոց Շուշիում»,- գրել է թղթակիցը:

«Գեղեցիկ շենքերը, որոնք կառուցվել են խորհրդային դասական ոճով, բոլորը բեկորներով են շրջապատված, ապակիները կոտրվել են, մոտակայքում մի քանի հրթիռ է խրվել ասֆալտի մեջ»,- գրում է Մելնիկովան՝ հավելելով, որ բոլորն Արցախում խաղաղություն են ուզում և լուսանկարներ հրապարակելով տեղի շենքերից:

«Ընդհանուր առմամբ, չնայած արևային եղանակին, վախի և լարվածության զգացողություն է տիրում: Ոչ մի պատերազմում նման սարսափի զգացում չեմ ունեցել: Փակ փողոցները, ասես դադարի ռեժիմում գտնվող կյանքը չեն կարող տագնապ չառաջացնել»,- եզրափակում է լրագրողը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ 

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։