Սեփական հանձնառություններն անտեսելը ի ցույց է դնում Բաքվի  կոռումպացված ռեժիմի գործելաոճը․ Զոհրաբ Մնացականյան

15:17 • 18.10.20

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է մարդասիրական զինադադարի հաստատմանը, որը պետք է գործեր կեսգիշերից։

«Համաձայնեցված մարդասիրական զինադադարը պետք է գործեր այսօր կեսգիշերից: Առավոտյան՝ ժ. 7:20-ին, Ադրբեջանը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները: Սեփական հանձնառություններն անտեսելը հերթական անգամ ի ցույց է դնում Բաքվի կոռումպացված ռեժիմի գործելաոճը»,-գրել է նա։

Հոկտեմբերի 17-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Հոկտեմբերի 18-ին ժամը 00։00-ից հայտարարվել էր մարդասիրական զինադադար, սակայն դրանից հետո էլ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակել է հետանային ու հրաձգային կրակը, իսկ որոշ ուղղություններով հռթիռներ է կիրառել։