Հանուն Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և ողջ աշխարհում խաղաղության՝ միջազգային աղոթք կարվի, կմասնակցի նաև Հռոմի պապը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և աշխարհի մյուս հոգևոր առաջնորդները կմիավորվեն հոկտեմբերի 20-ին՝ միասին աղոթելու հանուն խաղաղության:
Ինչպես հայտնում է Վատիկանի մամլո ծառայությունը, երեքշաբթի Ֆրանցիսկոս պապը կմասնակցի միջազգային Խաղաղության աղոթքին, որը տեղի կունենա «Ոչ ոք չի կարող փրկվել միայնակ. խաղաղություն և եղբայրություն» խորագրով:
Միջազգային աղոթք անցկացնելու նախաձեռնությունը Հռոմում գործող Սուրբ Էջիդիո համայնքինն է: Հռոմի Սուրբ Մարիամի բազիլիկում անցկացվելիք միջոցառմանը կմասնակցեն բազմաթիվ քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչներ: Աղոթքին կհաջորդի միջկրոնական արարողություն, որը տեղի կունենա Միքելանջելոյի հրապարակում:
Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի 8 լեզուներով համայնքի տարբեր լրատվական ալիքներով և սոցցանցերով:
Միջազգային խաղաղության աղոթքը կնվիրվի «Քովիդ-19»-ի պատճառով մահացածների հիշատակին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում գտնվողներին:
«Պատմության դժվարին պահ ենք ապրում ոչ միայն համավարակի պատճառով, այլև հին և նոր պատերազմների, որոնց թվում են 10 տարի տևած սիրիական պատերազմը և Լեռնային Ղարաբաղում ընթացող ներկայիս պատերազմը: Եվրոպայի հենց սրտից աշխարհի համար խորհելու, աղոթելու հանդիսավոր առիթ կստեղծվի. հույսի ուղերձ ապագայի համար՝ հանուն Խաղաղության»,- ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։










