Ֆիլադելֆիայում ցույց է ընթացել՝ հանուն խաղաղության Արցախում և Հայաստանում
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում գտնվող արվեստի թանգարանի մոտ բողոքի ակցիա է ընթացել:
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, հանուն Արցախի և Հայաստանի խաղաղության ակցիային միացել են ինչպես ամերիկահայեր, այնպես էլ ամերիկացիներ:
Ցույցի մասնակիցները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը: Նրանք պաստառներ են պատրաստել հետևյալ գրություններով. «Արցախը երկիր է, ոչ թե հակամարտություն, ճանաչեք Արցախը», «Պաշտպանեք Արցախը, պաշտպանեք Հայաստանը»:
Բողոքի ակցիային ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։










