Միշտ ասել է՝ կծառայեմ ու անպայման հետ կգամ, ամեն հայ տղային ծառայությունը պետք է. գալու էր, որ իր ազգական Վիկտոր Համբարձումյանի գործը շարունակեր. ազգականը՝ նահատակված Ռուբեն Համբարձումյանի մասին

18:57 • 02.11.20

Ռուբենս շատ հանգիստ բնավորություն ուներ, աննկարագրելի խելացի, շատ ընկերասեր էր ու ավելի մոտ ու ազատ է իր ընկերների հետ, քան ընտանիքի անդամների: Հիմա, որ խոսում ենք ընկերների հետ, այնպիսի բաներ են պատմում, որ երբեք մեզ մոտ Ռուբենը չի խոսել: Այս մասին Tert.am-ին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված հրետանավոր, սերժանտ Ռուբեն Համբարձումյանի մորաքրոջ աղջիկ Էդիտա Մսրյանը:

Ռուբենը աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ժառանգներից էր, նույն ճանապարհով էլ ցանկանում էր գնալ: Երազում էր դառնալ հայտնի ծրագրավորող և նորույթներ հայտնագործել ու ստեղծել տվյալ բնագավառում` հայտնվելով Վիկտոր Համբարձումյանի անվան կողքին, շատ էր հպարտանում նրա հետ ազգակցական կապ ունենալու համար:

Ֆիզմաթ դպրոցն է ավարտել և ընդունվել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: «Չհասցրեց հասկանալ, թե ինչ բան է ուսանողական կյանքը: Չնայած նրան, որ իր ընկերների մեծ մասն ընդունվել էր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ(Физтех): Ռուբենս ասաց՝ ոչինչ, հիմա կընդունվեմ ԵՊՀ, որ անպայման պարտքս տամ ու ծառայեմ, հետո կգամ ու ուսումս Ռուսաստանում կշարունակեմ»:

Քույրը պատմում է, որ բանակում Ռուբենի մոտ նոր նպատակներ էին ձևավորվել: Ծառայակից ընկերներից մեկի հետ որոշել էր, որ գան, անպայման գնալու են Ճապոնիա, Ռուբենն անիմեներով էր հետաքրքրված: «Լիահույս եմ, որ գոնե այդ ընկերը ողջ և առողջ կգա ու կգտնի մեզ, որպեսզի Ռուբենիս փոխարեն ինքը պատմի համատեղ անցկացրած բանակային կյանքի մասին»:

Ռուբենը հայրենիքի համար զոհվելու մասին երբեք չի խոսել, միշտ ասել է՝ կծառայեմ ու անպայման հետ կգամ, յուրաքանչյուր հայ տղային ծառայությունը պետք է: Ընկերուհի չուներ, ընկերներին ասել էր՝ ախպեր, ես, որ ընկերուհի ունեցա, էնքան եմ խոսալու վրեն, հիասթափվի ինձնից:

Հերոսը պատերազմի ընթացքում ամեն օր պարտադիր կա՛մ զանգել, կա՛մ հաղորդագրություն է ուղարկել ընտանիքին: Ամեն անգամ զանգելիս ուզում էր մի լավ լուր ստանալ, ասում է՝ հը՞, մամ, ի՞նչ կա, նորություն չե՞ն ասում: «Երկրորդ հրադադարի ժամանակ, որ մորաքույրս զանգեց, ասաց՝ Ռուբ, հրադադար ա, Ռուբենս ասաց՝ մամ, մի հավատա, իրանք, մեկ ա, էլի խփելու են: Մեր մյուս մորաքրոջ տղայի հետ նույն տեղն էին ծառայում, երկուսն էլ՝ ժամկետային, բայց մորաքրոջս տղան ֆերշեր է: Ըստ մորաքրոջս տղայի` դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի լույս 22-ին, ժամը 01:30-ի սահմաններում: Հենց ինքն է եղբորը դուրս բերել փլատակներից և ուղիղ մեկ օր չի կարողացել մեզ հայտնել այդ բոթը»:

Ռուբենը մեկ քույր ունի, Մանեն իր ծանր օրերին եղբոր մասին գրել է, որ Ռուբենը մերօրյա Վիկոտ Համբարձումյանն էր լինելու, զենք բռնելու փոխարեն՝ զենք էր ստեղծելու: «Ապագայում, որ երեխեքս պատմության դասից էս պատերազմի մասին կարդալիս լինեն, կժպտամ ու կասեմ. «Գիտե՞ք, ձեր քեռին էս պատերազմի հերոսներից է, որ կյանքի բոլոր նպատակները թողեց հանուն հայրենիքի»»,-գրել էր քույրը։