Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը հատված է ներկայացրել իր նոր՝ «Արցախ» ալբոմից (տեսանյութ)

22:32 • 07.11.20

Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը հատված է ներկայացրել իր նոր ալբոմից, որը կոչվելու է «Արցախ»:

Իր նոր ստեղծագործության կատարմամբ՝ աշխարհահռչակ երաժիշտը մասնակցել է անցյալ շաբաթ տեղի ունեցած «Համերգ հանուն խաղաղության» առցանց համերգին, որի նպատակն է դրամահավաք իրականացնել Արցախին օգնություն տրամադրելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։