«Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, բոլորիս համար». Պուտինը ցավակցություն է հայտնել Արմեն Ջիգարխանյանի ընտանիքին և հարազատներին

14:24 • 14.11.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքին և հարազատներին. պետության ղեկավարի ցավակցական նամակը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: 

«Ցավով տեղեկացա մեծ դերասան, լուսավոր, ապշեցուցիչ շնորհալի և հմայիչ անձնավորության՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի մահվան մասին: Սա մեծ կորուստ է հայրենական մշակույթի, Ռուսաստանի և այլ երկրների միլիոնավոր մարդկանց, բոլորիս համար»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: 

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել: