Մեֆիստոֆելն ու Մարգարիտան. աշխարհի ամենահայտնի կրկնակի արձանը միաժամանակ երկու կերպար է ներկայացնում (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի Salar Jung թանգարանում ցուցադրվում է մշակույթի աշխարհին հայտնի ամենազարմանահրաշ փայտե քանդակներից մեկը, որը կոչվում է Մեֆիստոֆելն ու Մարգարիտան:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, քանդակի յուրահատկությունը դրա երկկողմ լինելն է. կրկնակի արձանի երկու կողմերը տարբեր կերպարներ են ներկայացնում: Քանդակը ցուցադրվում է հայելու դիմաց, որպեսզի այն լուսանկարել ցանկացողները կարողանան ֆիքսել արվեստի յուրօրինակ գործի ինքնատիպությունը:
Քանդակը փորագրվել է թխկենու մեկ ամբողջական կտորից դեռևս 19-րդ դարում: Հեղինակն անհայտ է: Ըստ աղբյուրի՝ քանդակագործը ֆրանսիացի է եղել:
Քանդակի հերոսները Գյոթեի հայտնի «Ֆաուստ» ողբերգությունից են: Որպես չար ոգի հայտնի Մեֆիստոֆելը պատկերված է ինքնագոհ կերպարով, իսկ համեստ Մարգարիտան՝ փոքր ինչ գլխիկոր և դեմքի երկչոտ արտահայտությամբ:













