Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում տեղի է ունենում Վալենտին Գաֆտի հրաժեշտի արարողությունը (լուսանկարներ)
Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում տեղի է ունենում դեկտեմբերի 12-ին 85 տարեկանում կյանքից հեռացած ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտի հրաժեշտի արարողությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունենում թատրոնի հիմնական բեմում: Այն կտևի մինչև կեսօր։ Դերասանի դագաղը տեղադրված է բեմի վրա`ծաղիկների և ծաղկեպսակների կենտրոնում: Էկրանի վրա պատկերված են արտիստի լուսանկարները։ Ընկերներն ու գործընկերները ցավակցություն են հայտնում դերասանի այրուն՝ ՌԴ ժողովրդական արտիստուհի Օլգա Օստումովային։
Դերասանին կհուղարկավորեն Տրոեկուրովյան գերեզմանատանը։
Հիշեցնենք` Գաֆտը մի շարք դերեր է մարմնավորել տարբեր ներկայացումներում: Դրանցից են` Պյոտր Ադուևի կերպարն Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» (1970) և Գուսևի կերպարը՝ Միխայիլ Ռոշչինի (1971) «Վալենտին և Վալենտին» ներկայացման մեջ:
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստը նաև մի շարք ֆիլմերում է խաղացել: Նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը ռեժիսոր Էլդար Ռյազանովի ֆիլմերում են:
Գաֆտը խաղացել է «Ավտոտնակ» կատակերգությունում, «Ասա մի խոսք խեղճ Հուսարի մասին ...» տրագիկոմեդիայում, «Մոռացված մեղեդին ֆլեյտայի համար» ֆիլմում, իսկ 2006-ին նկարահանվել է «Բարեկենդանի գիշեր - 2, կամ հիսուն տարի անց» երաժշտական ֆիլմում:












