Բուլղարիայում կորոնավիրուսի դեմ հակամարմին ունեցող երեխա է լույս աշխարհ եկել
Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում երեխա է ծնվել, որի օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են հայտաբերվել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Բուլղարիայի ազգային ռադիոյին:
Հաղորդվում է, որ 28-ամյա կինը, որը լույս աշխարհ է բերել փոքրիկին, ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ և հազով: Բուժումից հետո որոշում է կայացվել նրան կեսարյան հատում անել, քանի որ կորոնավիրուսի հետևանքով նրա մոտ փոփոխություններ էին տեղի ունեցել, ինչպես նաև պտղի զարգացման դանդաղում էր նկատվել:
Վիրահատությունը հաջող է անցել: Արդյունքում աշխարհ է եկել 2.75 կգ քաշով և 46 սմ հասակով երեխան: Նորածնին թեստավորել են, որի պատասխանը ցույց է տվել կորոնավիրուսի դեմ հակամարմնի առկայությունը:
Փոքրիկի վիճակը լավ է, նրան և նորաթուխ մայրիկին դուրս կգրեն առաջիկա օրերին:










