«Դա անընդունելի ռիսկ է ներկայացնում ազգային անվտանգության համար»․ Թրամփը սահմանափակել է Ռուսաստանից և Չինաստանից անօդաչուների գնումը

09:40 • 19.01.21

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որը սահմանափակում է հակառակորդ երկրներից՝ Ռուսաստանից, Չինաստանից, Իրանից և ԿԺԴՀ-ից անօդաչու թռչող սարքերի գնումները։ Սպիտակ տան մամուլի ծառայության հրապարակած փաստաթղթին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

«Անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են մեր իրավապահ մարմինների կողմից՝ տարերային աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար։ Մեր հակառակորդների արտադրած սարքերի օգտագործումը սպառնում է ազգային և տնտեսական անվտանգությանը։  ԱՄՆ-ի քաղաքականությունն է կանխել հարկատուների միջոցների օգտագործումն օտարերկրյա հակառակորդների արտադրած սարքավորումների ձեռքբերման համար, որոնք անընդունելի ռիսկ են ներկայացնում ազգային անվտանգության համար»,- ասված է փաստաթղթում, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը «տեղական արտադրության սարքերի օգտագործումը խրախուսելն է»։

Հրամանագրի համաձայն՝ ««Օտարերկրյա հակառակորդ» տերմինը վերաբերում է ԿԺԴՀ-ին, Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին»։