«Բրիտանական շտամի աճող մահացության մակարդակը կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերբեռնվածության հետ». ԱՀԿ

13:47 • 23.01.21

Կորոնավիրուսի բրիտանական շտամի աճող մահացության մակարդակը, որի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերբեռնվածության հետ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերխովեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Եթե ունեք վիրուսի փոխանցման մակարդակի բարձրացում, ավելի շատ վարակներ կունենաք: Գիտեմ, որ դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե ավելի շատ դեպքեր ունեք, ապա հոսպիտալացումների թվի աճ կլինի: Մի իրավիճակում, երբ կա գերբեռնվածություն,  դուք կունենաք մահացության թվի աճ, քանի որ համակարգը ծանրաբեռնված կլինի», - ճեպազրույցի ընթացքում ասել է Վան Կերխովեն:

Ինչպես ավելի վաղ տեղելացրել էր tert.am -ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսանն ասել էր, որ կորոնավիրուսի նոր բրիտական շտամը 30 տոկոսով ավելի մահացու է, և 70 տոկոսով ավելի վարակիչ:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը դեկտեմբերի 14-ին հայտարարել էր կորոնավիրուսի նոր տարբերակի մասին: Գիտնականները նշել են, որ նոր մուտացիան ավելի շատ ազդում է երեխաների վրա, նրանց կարծիքով, այժմ վիրուսի այս տարբերակը բնակչության շրջանում ավելի տարածված է: