Լիբիայի վերաքննիչ դատարանը չեղարկել է «Մուսուլման եղբայրների» և Թուրքիայի միջև ստորագրված՝ Հունաստանի ծովային ինքնիշխանության իրավունքներին սպառնացող համաձայնագիրը

11:37 • 28.01.21

Լիբիայի խորհրդարանը հայտարարել է, որ Ալ-Բայդայի վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել այն հուշագիրը, որը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղակայված «Մուսուլման եղբայրների» ազգային համաձայնության կառավարությունն ստորագրել է Թուրքիայի հետ, հայտնում է Greek City Times-ը:

Հուշագիրը նպատակ է ունեցել գողանալ Հունաստանի ծովային ինքնիշխանության իրավունքները, նշել է լրատվականը: «Մուսուլման եղբայրների» ազգային համաձայնության կառավարությանը տրվել էր Լիբիան ղեկավարելու մանդատ, որի ժամկետը լրացել է 2017 թվականի դեկտեմբերին:

Լիբիայի խորհրդարանը, որը տեղակայված է Լիբիայի արևելքում գտնվող Տոբրուկ քաղաքում, դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Մուսուլման եղբայրներ» ազգային համաձայնության կառավարությանը՝ իր մանդատի ավարտից հետո ոչ լեգիտիմ լինելու և երկրում ահաբեկչական գործողություններ հայտարարելու պատճառով:

«Մուսուլման եղբայրների» ազգային համաձայնության կառավարության առաջնորդ, էթնիկ թուրք Ֆայեզ ալ-Սարաջը հուշագիր է ստորագրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Հունաստանի ինքնիշխանության իրավունքները խախտող ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ: Իրականում, համաձայն Լիբիայի խորհրդարանի, այդ համաձայնագրերը նպատակ են ունեցել խախտել Լիբիայի ինքնիշխանությունը:

Լրատվական ընկերությունը հիշեցնում է, որ Թուրքիան և Լիբիան 2019 թվականի նոյեմբերի վերջին համաձայնության էին եկել ծովային սահմանների և ռազմական, ինչպես նաև անվտանգության հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Այս համաձայնագիրը առաջ է բերել բազմաթիվ արձագանքներ՝  մասնավորապես Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ԱԳՆ է կանչել Հունաստանում Թուրքիայի դեսպանին և երկրից վտարել է Լիբիայի դեսպանին: