«Իսրայելական ցանկացած հարձակման դեպքում Իրանը գետնին կհավասարեցնի Թել Ավիվն ու Հայֆան». Իրանի բանակի խոսնակ

12:35 • 28.01.21

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի մամուլի խոսնակը զգուշացրել է, որ եթե իսրայելական հարձակում տեղի ունենա, Իրանը «կոչնչացնի» Թել Ավիվ և Հայֆա քաղաքները, հայտնում է Al Arabiaya լրատվականը:

Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավիի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ ուղղված գործողությունների ծրագրերը վերանայվում են:

«Եթե Իսրայելն ամենափոքր սխալն անգամ թույլ տա Իսլամական Հանրապետության նկատմամբ, մենք կհարվածենք այն հրթիռային կայաններին, որոնք ըստ իրենց, օգտագործվելու են Իրանի դեմ հարձակման նպատակով, ինչպես նաև, հնարավորինս սեղմ ժամկետում հողին կհավասարեցնենք Հայֆան և Թել Ավիվը», - Ֆարս լրատվական գործակալությանն ասել է բրիգադային գեներալ Աբուլֆազլ Շեքարչին:

Նա նշել է, որ Իսրայելը չի գիտակցում Իրանի ռազմական կարողությունները և հավելել. «Տարածաշրջանում առկա այս ուռուցքը (Իսրայելը) պետք է փլուզվի, քանի որ այն մեծ վնաս է հասցրել մուսուլմաններին»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am -ը, Իսրայելի ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոչավին՝ Թել Ավիվի համալսարանի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտում կայացած իր ելույթի ժամանակ նշել էր, որ Իրանի դեմ ուղղված գործողությունների իսրայելական ծրագրերը վերանայվում են: Այս հայտարարությունն ուղղված է եղել Իրանի միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձին:

«2015 թվականի միջուկային համաձայնագրին վերադառնալը` նույնիսկ մի քանի բարելավումներով, գործնական և ռազմավարական տեսանկյունից վատ է և սխալ», - շեշտել էր Կոչավին և նշել, որ այդ ծրագրերի իրականացումը պիտի քաղաքական ղեկավարության որոշմամբ լինի, սակայն դրանք պետք է սեղանի վրա լինեն: