Ղրղզստանի նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը

11:23 • 28.01.21

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովն այսօր պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նրա երդմնակալության արարողությունը ուղիղ եթերում հեռարձակվել է հանրապետության պետական հեռուստաալիքով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակիցը:

Արարողությանը ներկա են գտնվել պետության նախկին ղեկավարներ Սորոնբայ Ժեենբեկովը և Ռոզա Օտունբաևան, խորհրդարանի նախկին խոսնակներ, 2021 թվականի նախագահական ընտրությանը մասնակցած թեկնածուներ, խորհրդարանի անդամներ, նախարարությունների ղեկավարներ, հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Այս անգամ Ղրղզստանի իշխանությունները հրաժարվել են երդմնակալության հրավերներ փոխանցել այլ պետությունների ղեկավարներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: