Թունիսի նախագահի գրասենյակը կասկածելի փոշով նամակ է ստացել. դրանում, հնարավոր է, ռիցինի մահացու տոքսին է. Reuters
Թունիսի նախագահի գրասենյակը կասկածելի փոշի պարունակող նամակ է ստացել և ուսումնասիրում է փոշու բաղադրությունը, Reuters գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի նախագահ Կայս Սայեդն անձամբ չի բացել նամակը և իրեն լավ է զգում։
Տեղական որոշ կայքեր հաղորդել են, որ ծրարում հայտնաբերվել է ռիցինի մահացու տոքսին և որ այն հասցեագրված է եղել նախագահին։
Գերատեսչության աղբյուրը հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունները։
2019 թվականի ընտրություններում հաղթած Սայեդն այս շաբաթ Ազգային անվտանգության պաշտոնյաներին հայտնել է, որ երկրի ներսում և արտերկրում նրա աշխատանքը խափանելու համար դավադրություններ են նախապատրաստվում։
Խորհրդարանը երեքշաբթի հավանություն է տվել նախարարների կաբինետում կադրային փոփոխություններին, որոնք խորացրել են վարչապետի և նախագահի միջև հակասությունը։










