Հունվարի 28-ի ուղերձը սերունդներին փոխանցելու համար հերոսական անցյալը նորից արժևորելու, պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու ժամանակն է. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Բանակի օրվա առթիվ, որում ասվում է․
«Արցախյան առաջին պատերազմը փառապանծ հաղթանակով կերտած հայ ժողովրդի ու արցախյան հերոսամարտի քաջարի մարտիկների ջանքերի ներդրմամբ՝ ստեղծեցինք Հայոց բանակը, որը անվեհեր զինվորների, գեներալների ու սպաների անկոտրում կամքով ու հայրենիքի նկատմամբ անվերապահ սիրով 30 տարվա ընթացքում արյունով գծված մեր սահմաններն անառիկ պահեց։
Անխոս Հայոց բանակի ղեկավարությունը տարիներ շարունակ համալրվում էր ռազմական գիտելիքներով հարուստ փորձառու սպաներով, որոնք ի վիճակի էին վերլուծելու հակառակորդի ուժեղ ու թույլ կողմերը, համապատասխան հետևություններով իրականացնել դինամիկ բարեփոխումներ (Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր)։
Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը, վերաիմաստավորվելու, պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու, ու Հայոց բանակի Հունվարի 28-ի ուղերձը մեր սերունդներին փոխանցելու համար», - գրել է Ղարամյանը։










