«Բացառիկ երիտասարդ». ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին (տեսանյութ)

13:07 • 28.01.21

ԵՊՀ գրադարանի ընթերցասրահն անվանակոչվեց Շուշիի մարտերում զոհված Գևորգ Արշակյանի պատվին: Այսօր տեղի ունեցած անվանակոչման առթիվ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ Գևորգը մի քանի ֆակուլտետում էր սովորում ու անընդհատ իրեն կրթությանն էր նվիրում:

«Հավերժ փառք  գևորգներին, նրա անունով ամբողջացնում ենք բոլոր հերոսներին»,-ասաց նա:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ իր 24 տարվա կյանքի ընթացքում ձևավորած անունը որևէ կասկած չթողեց որևէ մեկի մոտ, որ իրոք Գևորգը բացառիկ երևույթ է նույնիսկ մեր 15 հազարից ավելի ուսանողների շրջանում: Նա նշեց, որ բոլոր զահվածները հերոսներ են:

«Իրոք նման երիտասարդները հազվագյուտ են, կարող են լինել լավ ուսանող, գերազանց, պարկեշտ անձ, հայրենասեր, բայց բոլորը միասին ու նաև նվիրյալ դժվար է պատկերացնել»,-ասաց նա: Գագիկ Ղազինյանը նշեց, որ Գևորգի պապը` Գևորգ Հովսեփյանը, ամենահայրենասեր դասախոսն է եղել, որ Գևորգի զոհվելուց 4-5 օր հետո մահացել է: Նա նշեց, որ Գևորգը ուներ մեծ հնարավորություն՝ ընդհանրապես չծառայելու՝ իր ուսման առաջադիմությունը հաշվի առնելով, բայց նա գնաց դրան:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի  դեկան Ալեքսան Բաղդասրայանը ևս Գևորգին բացառիկ համարեց:  «Նա ողջախոհ էր բոլոր հարցերում, երբեք ծայրահեղություններ չուներ, սա արդեն փիլիսոփայի կեցվածք էր: Նա իր նկատմամբ խիստ պահանջկոտ էր,  չափավոր էր և պատահական չէր այն համընդհանուր սերը, որ ուներ իր ընկերների կողմից, արդարամիտ էր»,-ասաց նա:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Գևորգին հանդիպելով, հպարտություն է ապրել: «Գևորգը չի մահացել, և նմանապես մեր այն 5-6 հազար տղամարդիկ չեն մահացել»,-ասաց նա և նշեց, որ իրենք դաս են տվել, պատվիրել են չընկճվել:

«Մեր բանակը, հայոց բանակի զինվորը չի պարտվել, որտեղ զինվորը եղել է, մենք չենք պարտվել, որտեղ հավաքած, անկազմակերպ ուժեր ենք ունեցել, այդտեղ պարտվել ենք, պարտվել ենք, որ մեր հրամանատարներ չենք ունեցել, ղեկավարող անձնակազմ չենք ունեցել»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։