«Պուտինը Դավոսում մարտահրավեր է նետել լիբերալ էլիտաներին». Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտ

15:09 • 28.01.21

«Ռուսստարտ» միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Դավոսի տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին:

Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Դավոսի գլոբալիստների համաշխարհային ֆորումում Պուտինի ելույթը սկսվել է կազմակերպիչներին ուղղված ճանաչողական-դիվանագիտական ձևակերպումներով՝ իր տեսակետը համաշխարհային հանրությանը փոխանցելու հնարավորության համար: Սա պաշտոնական քաղաքավարություն է. Պուտինը հասկանում էր, որ դիմում է երդվյալ թշնամիներին, և նրանց իր գնահատականները դուր չեն գա: Ուստի Պուտինը դիմում էր նրանց, որոնք քվեարկում են ներկայիս համաշխարհային էլիտայի օգտին՝ ժողովուրդներին և ընտրողներին:

Ինչպես արդեն նշել են դիտորդները, Պուտինը Դավոսում ելույթ է ունեցել 12 տարվա մեջ առաջին անգամ: 2009 թվականին նա Դավոսում էր, բայց վարչապետի կարգավիճակով: Այնուհետև Դավոսում ելույթ են ունեցել ռուս համակարգային լիբերալները՝ Շուվալով, Դվորկովիչ, Օրեշկին: Այս ելույթը հատուկ ենթատեքստ ունի. լիբերալ խմբավորման նախկին խորհրդանշական դեմքերից ոչ մեկը Ռուսաստանի կառավարության մաս չէ: Փաստացիորեն, Արևմուտքը կանգնել էր մի փոքր անհայտ Պուտինի առջև, որի լիբերալ կրեդոն հարցականի տակ է:

Պուտինը նշել է, որ լիբերալիզմի ճգնաժամը համավարակի կողմից չի ստեղծվել, այն վաղուց էր հասունացել: Համաճարակը միայն արագացրել է վաղուց հասունացածը: Ամենակարևորը՝  Պուտինը հայտարարել է Արևմուտքի հետ հակամարտությունն էլ ավելի սրելու պատրաստակամության մասին: Ճիշտ է, հակամարտությունը անվանվել է հակասություն, որը կաճի, բայց Պուտինին լսող հանդիսատեսը աչքի է ընկնում տողատակերով կարդալու ունակությամբ: Հատկապես, երբ Պուտինը ակնարկներով զուգահեռներ էր տանում քսաներորդ դարի երեսունականների հետ: Ուղղակի անդրադարձ ֆաշիզմին և նրա սանձազերծած պատերազմին:

Պուտինը  լիբերալ մոդելը ուղղակիորեն անվանել է ճգնաժամային և մերժել է դրա հեռանկարը: Աճող սոցիալական շերտավորումը, տեսակետների բևեռացումը, միջազգային ինստիտուտների անգործունակությունը, տարածաշրջանային հակամարտությունների քանակի աճը  այս մոդելի հետևանքներն են: Բայց Պուտինն ինքը դիրքավորվել է ոչ թե աջ կամ ձախ, այլ կենտրոնում: Եվ անմիջապես նշել է, որ այս ամենը նկատելի է «առաջատար երկրներում»՝ լիբերալիզմի օջախներում, որտեղ  պարտավորվում են Ռուսաստանին ճիշտ կյանք սովորեցնել:

Պուտինը շատ հմտորեն անդրադարձել է Բայդենի հետ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցին: Այն ներկայացվել է գլոբալ անվտանգության համակարգի դեգրադացման համատեքստում, երբ միայն Ռազմավարական հարձակվողական զենքի հետագա կրճատման մասին պայմանագրի երկարաձգումը կարող է շտկել հարցը: Փաստացիորեն, Պուտինը հիշեցրել է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, երբ սկսվի բոլորը բոլորի դեմ պայքարը, իսկ դա կնշանակի քաղաքակրթության ավարտ:

Պուտինը հատկապես կոշտ ծաղրել է համաժողովի նախագահ Կլաուս Շվաբին՝ հիշեցնելով նրան, որ փորձեր են արվում լուծել  խնդիրները ներքին և արտաքին թշնամիների որոնման միջոցով: Դա նետված քար էր դեպի Բայդենի և դեմոկրատների այգի՝ նշելով, որ Ռուսաստանում գնահատում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ընտանիքը, ընտրությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը:

Այսինքն՝ Պուտինը պարզապես տրորել է լիբերալների քիթը: Համաշխարհային գլոբալիզմի որջում նման ելույթները հավասարազոր են Երրորդ ռեյխի ժամանակ Ռայխստագում «Ինտերնացիոնալի» տեքստը կարդալուն: Բայց Պուտինը անողոք էր. սոցիալական ճգնաժամը հարվածում է ժողովրդագրությանը: Այսինքն՝ նա գլոբալիստների հիմնական նպատակի իրագործումը ներկայացրել է որպես ձախողում և սպառնալիք մարդկությանը: Շվաբը շատ անհարմար րոպեներ է ապրել, բայց, ինչպես ասում են, դիրքը պարտավորեցնում է:

Այս ելույթով Պուտինը դժվար թե արևմտյան աշխարհի էլիտայում ընկերներ ձեռք բերի: Բայց նա ակնհայտորեն դրան չէր ձգտում: Նա դիմել է մարդկությանը,  բիզնեսին,  ոչ թե տրանսնացիոնալ, այլ այն բիզնեսին, որը տան մեջ գոյատևելու միջոց է փնտրում՝ ապավինելով պետությանն ու ժողովրդին: ԱՄՆ-ում սա Թրամփի ընտրազանգվածն է, և եթե նրանք լսել են Պուտինին, ապա նա ԱՄՆ-ում 75 միլիոն աջակից է ձեռք բերել: Բայդենը կձևացնի, թե չի նկատել, բայց հետագայում ստիպված կլինի սա հաշվի առնել:

Մշակութային մայրցամաքների կորուստը Պուտինն անվանել է մռայլ անտիուտոպիա: Այսինքն ՝ նա մարտահրավեր է նետել համաշխարհային գաղափարախոսներին, ովքեր ստեղծում են նոր քոչվորների ցեղեր՝ առանց ազգային արմատների և մշակութային կապերի: Եթե նայեք Պուտինի ելույթի ենթատեքստին, ապա Պուտինն իրեն դիրքավորել է որպես գլոբալիզմի անհաշտ թշնամի:

Այսինքն՝ նա ժամանակակից լիբերալներին ներկայացնում է որպես ուրացողներ, ովքեր լքել են իրենց արմատները և նույն կոչն են անում ամբողջ աշխարհին: Որքան ավելի ռեզոնանսային է Պուտինի ելույթը Դավոսում, այնքան մեծ ճնշում կստանա նա առաջիկայում: