Սինգապուրում կալանավորվել է 16-ամյա դեռահաս, որը ահաբեկչություններ էր նախապատրաստել երկու մզկիթներում

10:17 • 28.01.21

Սինգապուրում կալանավորվել է 16-ամյա դեռահաս, որն ահաբեկչություններ է նախապատրաստել երկու մզկիթներում: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նշվում է՝ դեռահասը ոգեշնչվել է ավստրալացի այն գրոհայինի արարքներից, որը 2019 թվականին Նոր Զելանդիայի երկու մզկիթներում 51 հավատացյալի էր սպանել:

Էթնիկ հինդու-քրիստոնյա դեռահասին, որի անունը գաղտնի է պահվում, նման քայլի է դրդել «իսլամի նկատմամբ ուժեղ հակակրանքն ու բռնության կիրքը»:

Ըստ երկրի ներքին անվտանգության նախարարության՝ նա դարձել է ահաբեկչության համար կասկածվող ամենաերիտասարդ անձը, որը, ըստ երկրի ներքին անվտանգության մասին օրենքի, գտնվում է կալանքի տակ:

Հետաքննությամբ ձեռք բերված փաստերի համաձայն՝ տղան մենակ է աշխատել և պատրաստվել է մարտի 15-ին՝ Քրայսթչերչի ահաբեկչության երկրորդ տարելիցի օրը, հարված հասցնել իր տան մոտ գտնվող երկու մզկիթներին: Ճիշտ վերջին դեպքի նման, նա նույնպես մտադիր է եղել ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել իր հարձակումը՝ բջջային հեռախոսներն ամրացնելով բաճկոնին:

Բացի այդ, նա նաև նախապատրաստել է երկու հայտարարություն՝ հարձակումից անմիջապես առաջ տարածելու համար։

Այնուամենայնիվ, դեպքի առնչությամբ երկրի արդարադատության և ներքին գործերի նախարարը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ իշխանությունները մտադիր չեն մեղադրանք առաջադրել դեռահասին, քանի որ նա անչափահաս է և հանցանք չի գործել:

Բացի այդ, տեղական իշխանությունների խոսքով՝ դեռահասը կանցնի վերականգնողական գործընթաց, որը ներառում է կրոնական, հոգեբանական, ինչպես նաև սոցիալական խորհրդատվություն: