Գիտնականները սովորել են կորոնավիրուսը ոչնչացնել 1 վայրկյանից պակաս ժամանակահատվածում
Տեխասի A&M համալսարանի մասնագետները մշակել են մեթոդ` ջերմության օգտագործմամբ կորոնավիրուսը մեկ վայրկյանից պակաս ժամանակում ոչնչացնելու համար: Այս մասին գրում է Phys.org կայքը:
Փորձի ընթացքում գիտնականները վիրուսը լուծել են ջրի մեջ և այս հեղուկը անցկացրել են չժանգոտվող պողպատե խողովակով: Այնուհետև խողովակը տաքացվել է մինչև 72 աստիճան ցելսիուս, որից հետո լուծույթի մեջ վիրուսի կոնցենտրացիան նվազել է 100 000 անգամ:
«Սա բավական է, որպեսզի կորոնավիրուսն ամբողջությամբ սպանվի», - ասում են գիտնականները:
Մասնագետների կարծիքով, այս լուծումը կարող է օգտագործվել օդափոխության, օդի մաքրման, օդորակման և ջեռուցման համակարգերում: Հետազոտության հեղինակները կարծում են, որ մեթոդը կօգնի պայքարել օդակաթիլային եղանակով փոխանցվող այլ վիրուսների դեմ:
Գիտնականները պարզաբանում են, որ նման մեթոդի արդյունավետությունը հայտնի էր նաև ավելի վաղ, բայց անցած փորձերի ընթացքում վիրուսը հնարավոր է եղել ոչնչացնել միայն 1-ից 20 րոպեի ընթացքում:
Բացի այդ, նրանք նախատեսում են կատարելագործել գյուտը և ստեղծել միկրոհեղուկային չիպ, որը նրանց թույլ կտա ջերմային եղանակով մշակել վիրուսները ավելի կարճ ժամանակում:










