SpaceX-ը պատրաստվում է Starlink արբանյակների նոր խմբաքանակ դուրս բերել ուղեծիր
Ամերիկյան SpaceX ընկերությունը նախատեսում է երեքշաբթի 60 ինտերնետային արբանյակից կազմված հերթական խումբն ուղեծիր դուրս բերել: Այս մասին հայտնում է Spaceflight կայքը:
Falcon 9 ծանր հրթիռակրի արձակումը, որով նախատեսվում է համալրել համաշխարհային ինտերնետ ծածկույթի ապահովման համար նախատեսված Starlink համակարգի արբանյակների թիվը տիեզերքում, տեղի կունենա տեղի ժամանակով 15:01-ին: Հրթիռակիրը կարձակվի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից:
Սա կլինի ինտերնետային արբանյակների 26-րդ դուրսբերումը Starlink նախագծի շրջանակում, որն իրականացվում է 2019 թվականի մայիսից: SpaceX-ն արդեն 1503 արբանյակ է ուղարկել ուղեծիր: 60 արբանյակից կազմված նախորդ խմբաքանակն արձակվել է ապրիլի 29-ին:
Ընդհանուր առմամբ, ընկերությունը նախատեսում է 12 000 արբանյակ դուրս բերել տիեզերք, որոնց միջոցով կապահովվի Երկրի բնակիչների լայնաշերտ հասանելիությունը համացանցին:










