2000 ձիաուժ հզորությամբ էլեկտրամեքենա և ոչ պակաս հզոր հիբրիդային մոդել. շվեյցարական ընկերությունը կենսանյութերից կազմված հիպերմեքենա կթողարկի
Շվեյցարական Morand Cars ընկերությունը 2023 թվականին շուկայում հիպերմեքենա կներկայացնի, որի կառուցվածքում կենսանյութերի համախումբ կօգտագործվի:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մասնագետները խոստացել են նորույթի հիբրիդային և ամբողջովին էլեկտրական տարբերակներ թողարկել: Վերջինն առանց վերալիցքավորման կկարողանա 300 կմ տարածություն անցնել:
Morand Cars ընկերությունը հիմնադրել են նախկին ավտոմրցարշավորդ Բենուա Մորանը Lotus F1 Team և McLaren F1 թիմերի նախկին մենեջեր Էրիկ Բուլյեն:
Մեքենաների երկու տարբերակն էլ կնախագծվեն ածխածնային մանրաթելի հիմքով կառուցված կմախքով, սակայն արտաքին տարրերն ու սրահի մի մասը (կապոտը, դռները, տանիքի մի մասը և նստելատեղերը) կպատրաստվեն Amplitex կենսանյութից, որի հիմքում ընկած է կտավատի մանրաթելը:
Morand EV երկդռնանի մոդելը կհամալրվի 4 էլեկտրաշարժիչով, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 2000 ձիաուժ: Այսինքն՝ հիպերմեքենան կկարողանա մրցակցել Lotus Evija և Aspark Owl մոդելների հետ:
Հիբրիդային տարբերակը կզինվի 5,2 լիտր ծավալային V10 շարժիչով և 3 էլեկտրաշարժիչով: Ուժային համակարգի ընդհանուր հզորությունը կկազմի 1200 ձիաուժ:
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 73 հիպերմեքենա թաղարկել: Հայտնի չէ, թե դրանցից քանիսը կլինեն հիբրիդային, քանիսը՝ էլեկտրական:











