Իրանում հաջողությամբ ավարտվել են տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա

11:59 • 05.05.21

Իրանը չորեքշաբթի հայտարարել է մարդկանց վրա տեղական արտադրության «Ֆահրա» պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: Այս մասին հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը` նշելով, որ դեղամիջոցն անվանվել է անցյալ տարի սպանված իրանցի միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի պատվին:  

Հակակորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել էին մարտին: Դեղամիջոցը մշակվել է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտական կենտրոնում, որը ղեկավարում էր Ֆախրիզադեն:

Իրանում մի քանի պատվաստանյութ է մշակվել: Ապրիլի կեսին սկսվել է COV Iran Barakat դեղամիջոցի փորձարկումների երրորդ` վերջնական փուլը: Նշվում է, որ տվյալ պատվաստանյութը կիրառման համար կարող է հաստատվել մայիսին, իսկ տեղական արտադրության մյուս պատվաստանյութերը` 2-3 ամսից:

Պատվաստման գործընթացն Իրանում մեկնարկել է փետրվարի 9-ին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Հիշեցնենք, որ ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆահրիզադեն սպանվել է Թեհրանի մոտակայքում անցյալ տարվա նոյեմբերի 27-ին: Երկրի իշխանությունները կարծում են, որ մահափորձը կազմակերպվել է իսրայելական հատուկ ծառայությունների կողմից:

Իրանում հաջողությամբ ավարտվել են տեղական արտադրության պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա