Նոր Զելանդիայում ջրիմուռների կենսալուսարձակման հետևանքով լողափի ալիքները վառ կապույտ երանգ են ստացել (լուսանկարներ, տեսանյութ)
Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի բնակիչները հանգստյան օրերին Տինդալս լողափին (Tindalls Beach) ականատես են եղել «կախարդական» տեսարանի՝ ջրիմուռների կենսալուսարձակմանը, հաղորդում է Newshub-ը։
Նորզելանդացի Մեթյու Դևիսոնի կողմից արված արտասովոր երևույթի լուսանկարներում և տեսագրություններում երևում է՝ ինչպես են երեխաները խաղում գիշերային խավարի ֆոնին կապույտ լույսով փայլատակող ջրի ափին։
Դևիսոնի խոսքով՝ չնայած ջրիմուռների կենսալուսարձակումը տեղանքում բավականին տարածված երևույթ է, այս անգամ այն աչքի է ընկել իր վառ կապույտ լուսավորմամբ։
«Անհավանական տեսք ուներ։ Այն ակնհայտորեն շատ ավելի լուսավոր էր, քան սովորաբար։ Վեց ամիս առաջ ականատես էի եղել ևս մեկ կենսալուսարձակման, որը սակայն այսքան պայծառ չէր»,-խոստովանել է նա։
Կենսալուսարձակումը կամ բիոլյումինեսցենցիան կենդանի օրգանիզմների լույս արձակելու հատկությունն է։ Այն բնորոշ է բազմաթիվ բակտերիաներին, ստորակարգ բույսերին, սնկերին, որոշ անողնաշարավորներին, ձկներին և հատկապես ծովերում ու օվկիանոսներում ապրող կենդանիներին, որոնք արագ բազմանալիս առաջացնում են ջրի նման լուսավորում։
Շատ օրգանիզմների (բակտերիաներ, նախակենդանիներ) լուսարձակումը (թթվածնի առկայությամբ) տեղի է ունենում անընդհատ, մյուսներինը՝ կատարվում է առանձին բռնկումներով և պայմանավորված է կենսագործունեության (քաղց, բազմացման շրջան և այլն) պայմաններով։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։












