«Սմարթֆոնն այլևս պարզապես սարքը չէ. այժմ մարդիկ ապրում են դրանում` մոռացության մատնելով կենդանի, մտերիմ շփումը». բրիտանացի գիտնականներ
Սմարթֆոնների օգտատերերը դարձել են «մարդ-խխունջներ, որոնք իրենց տները կրում են սեփական գրպաններում»՝ ստեղծելով ընկերներին և ընտանիքներին անտեսելու միտում և բջջային սարքը գերադասելով ընտանիքին ու հարազատներին, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Լոնդոնի համալսարանական քոլեջի մարդաբանների իրականացրած ուսումնասիրության արդյունքները:
Նշվում է՝ փորձագեներն ավելի քան մեկ տարի անցկացրել են աշխարհի ինը երկրում՝ Իռլանդիայից մինչև Կամերուն, սմարթֆոնների օգտագործման առնչությամբ փաստագրում իրականացնելու համար:
Նրանք նկատել են՝ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ իրենց սարքերի նկատմամբ նույն զգացողությունն ունեն, ինչ իրենց տների:
«Սմարթֆոնն այլևս պարզապես սարքը չէ, որը մենք օգտագործում ենք, այն դարձել է այն վայրը, որտեղ մենք ապրում ենք»,- ասել է պրոֆեսոր Դանիել Միլլերը, որը ղեկավարել է ուսումնասիրությունը և հավելել՝ այս երևույթը հանգեցնում է «մտերմության մահվան», երբ խոսքը վերաբերում է առերես շփմանը:
Մարդաբանները ենթադրում են, որ նման պահվածքի պատճառը կարող է լինել WhatsApp-ի նման հաղորդագրություններով փոխանակվելու ծառայություները, որը, ըստ փորձագետների, «սմարթֆոնի սիրտն է»:
«Երկրների մեծ մասի շատ օգտատերերի համար նման ծրագրերը կարևորագույն գործառույթ են իրականացնում: Օրինակ, Ճապոնիայում նման ծրագիր է LINE-ը, Չինաստանում՝ WeChat-ը և Բրազիլիայում՝ WhatsApp-ը»,- շեշտել են գիտնականները:










