Այսօրվա սահմանների վիճակում, եթե թշնամին նպատակ դնի սողոսկելու Հայաստան,  դա կանի. խնդիրն այն է, որ նրանք պետք է չունենան այդ նպատակը. Արմեն Խաչատրյանը՝ թշնամու՝ ՀՀ տարածք գալու մասին

22:57 • 13.05.21

Այս պահին Սյունիքում կատարվող ամենակարևոր իրադարձությունները բանակցություններն են, արդյունքին դեռ պետք է սպասենք: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների, հակառակորդի՝ Հայաստանի սահման մտնելու մասին:

Պատգամավորը մեկնաբանեց, որ ադրբեջանցիների առաջ գալու նախնական պատճառաբանությունն այն էր, որ այդ տարածքներն իբրև քարտեզով գտնվում են իրենց վարչական սահմանների մեջ, բայց ավելի ուշ պարզվել է, որ այդ քարտեզները կեղծ են, որից հետո ասել են, որ հրաման են կատարում:

«Այսինքն, սա իրենց խնդիրը չէ, նրանք ընդամենը հրաման կատարող են, իսկ Ադրբեջանը մի շարք քաղաքական նպատակներ ունի: Եթե հետևում ենք Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ապա պարզ է դառնում, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի սադրի, քաղաքական անկայունություն մտցնի Հայաստանում, որպեսզի ճնշումներ գործադրի, իսկ Հայաստանի քաղաքական անկայունության համար պարարտ հողը կա»,-ասաց նա և հավելեց, որ այս քայլերը գուցե ուղղված են նրան, որ Ադրբեջանը հասնի այն նպատակին՝ կապված Մեղրիի հետ, որին, սակայն, հայկական կողմը երբեք չի գնա:

Ի վերջո ադբեջանցի զինվորականների Հայաստան գալու և դիրքավորվելու մասով պատգամավորը նշեց, որ սա ոչ միայն ՀՀ քաղաքացիներին է հետաքրքիր, այլ բոլորին է հետաքրքիր, թե ինչպես է ադրբեջանական կողմը սողոսկել:

«Իմ տրամաբանությամբ՝ ունենք հենակետեր, որոնք պահպանվող չեն և առայժմ այս վիճակը թույլ չի տվել սահմանների ամեն կետը դարձնել վերահսկելի, Ադրբեջանն օգտվել է այս առիթից, հենակետերի արանքից սողոսկել է, սա լուրջ քննարկման և քննության առարկա կդառնա ու կհասկանանք, թե ինչպես է սա տեղի ունեցել, բայց այսօրվա սահմանների վիճակում, եթե նպատակ դրվի սողոսկելու, դա կլինի, ուղղակի խնդիրն այն է, որ այն նպատակը նրանք պետք է չունենան»,-նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե իրականում հակառակորդի տարածք կարող է սողոսկել միայն դիվերսիոն խումբը, սակայն այս պարագայում 100-ից ավելի զինվորականներով վաշտ է 3,5 կմ առաջ եկել՝ Խաչատրյանը պատասխանեց՝ այո, խոսքը գնում է վաշտի մակարդակով առաջ գալու մասին, սակայն վերջիններս առաջ են եկել չպահպանվող հենակետերով: Հարցին՝ այս պարագայում արդյոք ճիշտ չէ՞ ընդդիմությունը, երբ ասում է, որ այս իշխանությունը չի կարողանում Սյունիքի անվտանգությունն ապահովել, Խաչատրյանը պատասխանեց՝ հիմա պետք է քննության առարկա դառնա և պարզաբանվի, թե արդյո՞ք հնարավոր էր ձմռանը կարգավորել սահմանների կահավորման հարցը. «Այո, հիմա գարնան ավարտ է, բայց այդ լեռնային գոտիներում դեռ ձմեռային իրավիճակը նոր է անցել, դեռ ձյուն կա նստած»: