Բուժքույր Գրեյս. Սոֆյա ռոբոտի ստեղծողները նոր նախագիծ են ներկայացրել, որը կօգնի մեկուսացված հիվանդներին (լուսանկարներ, տեսանյութ)
Հոնկոնգում գտնվող Hanson Robotics and Singularity Studio ընկերությունը, որը որոշ ժամանակ առաջ ստեղծել էր հայտնի անդրոիդ ռոբոտ Սոֆյային, հայտարարել է նոր ռոբոտի՝ Գրեյս բուժքրոջ թողարկման մասին, որը նախատեսված է առողջապահական ոլորտի համար և կօգտագործվի հիմնականում տարեցների կամ կորոնավիրուսով վարակվելու հետևանքով մեկուսացված հիվանդների հետ շփվելու և նրանց օգնելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Գրեյսը բուժքրոջ համազգեստ է կրում, ունի ասիացիուն բնորոշ դիմագծեր և ներկառուցված ջերմային պատկերիչ, որն ակնթարթորեն չափում է հիվանդի մարմնի ջերմաստիճանը և ռեֆլեքսները: Ռոբոտը հիվանդին ախտորոշելու համար օգտագործում է արհեստական բանականություն և կարող է հաղորդակցվել անգլերենով և չինարենով:
Ընկերության գլխավոր ինժեներ Դեյվիդ Հանսոնի խոսքով՝ Գրեյսը նպատակ ունի հեշտացնել համավարակի ընթացքում հիվանդանոցային անձնակազմի ծանրաբեռնված աշխատանքը:
Ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Լեյքի վստահեցմամբ՝ ռոբոտի բետա տարբերակի արտադրությունը տեղի կունենա օգոստոսին, իսկ հաջորդ տարի այն կհայտնվի Հոնկոնգի, մայրցամաքային Չինաստանի, Ճապոնիայի և Հրվ. Կորեայի առողջապահական հաստատություններում:















