Google-ի նոր արհեստական բանականությունը համակարգչային չիպեր է նախագծում 6 ժամում, մինչդեռ մարդկանց դրա համար մի քանի ամիս է պետք
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է արհեստական բանականություն, որը, արտադրողի պնդմամբ, կարող է վեց ժամում համակարգչային չիպեր նախագծել, գրում է Daily Mail-ը` մանրամասնելով, որ համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են հեղինակավոր Nature գիտական ամսագրում:
Հետազոտությունում նշվում է, որ մարդկանցից ամիսներ են պահանջվում համակարգիչների համար մասնագիտացված չիպեր նախագծելու համար, մինչդեռ Google-ի Reinforcement learning (RL) կոչվող ալգորիթմն անհամեմատ ավելի լավ ու արագ է գործում:
«Մենք ցույց ենք տալիս, որ մեր մեթոդը կարող է վեց ժամում ստեղծել չիպային նախագծեր, որոնք համեմատելի են կամ գերազանցում են մարդկանց` մասնագետների արդյունքը. մարդկանց ամիսներ են պահանջվում ժամանակակից արագացուցիչների համար ընդունելի հատակային գծագրեր արտադրելու համար»,-ասել է ընկերության աշխատակից Աննա Դի Գոլդին:










