ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է Լուսինը «վերանվաճելու համար» նախատեսված գերծանր հրթիռը (տեսանյութ)

16:21 • 15.06.21

Space Launch System ամերիկյան գերծանր հրթիռն առաջին անգամ ներկայացվել է մեկնարկի կազմաձևով (կոնֆիգուրացիա): ԱՄՆ Ֆոլորիդա նահանգում գտնվող Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մասնագետներն ավարտել են երկու ուժեղացուցչի կցումը հրթիռակրի հիմնային հարթակին, որի երկարությունը 65 մետր է, գրում է topcor.ru-ն:

Հիշեցնենք, որ SLS-ը երկաստիճան գերծանր հրթիռ է, որն ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) նախատեսում է օգտագործել տիեզերագնացներին Երկրի ուղեծրից դուրս ուղարկելու համար: Մասնավորապես, հրթիռակիրը կօգտագործվի «Օրիոն» տիեզերանավի գործարկման համար՝ «Արտեմիս 2» մարդատար լուսնային առաքելության շրջանակում:

Նշվում է՝ «Տիեզերական գործարկման համակարգը» իր հիմնային կազմաձևով կկարողանա մինչև 95 տոննա օգտակար ծանրաբեռնվածություն դուրս բերել ուղեծիր: Միևնույն ժամանակ, հրթիռակրի նախագծման հետագա զարգացումը կարող է ավելացնել այս ցուցանիշը ևս 35 տոննայով:

2011 թ.-ին մեկնարկած SLS ծրագրի ընդհանուր արժեքը 35 մլրդ դոլար է: Գերծանր հրթիռի հիմնական մշակողը Boeing կորպորացիան է: Ըստ նախնական հաշվարկների՝ հրթիռակրի 1 սերիական տարբերակի ստեղծումը կարժենա 800 միլիոն դոլար:

Space Launch համակարգը պետք է իր առաջին թռիչքը սկսի այս տարվա վերջին՝ «Արտեմիս 1» առաքելության շրջանակում: Վերջինիս ընթացքում Orion տիեզերանավն անօդաչու թռիչք կկատարի Երկրի բնական արբանյակի՝ Լուսնի շուրջ: 

ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է Լուսինը «վերանվաճելու համար» նախատեսված գերծանր հրթիռը (տեսանյութ)