Աստղագետները 10 օրում երկու անգամ երկնային մարմինների հազվագյուտ բախումներ են արձանագրել

00:14 • 30.06.21

Գիտնականները 10 օրվա ընթացքում երկու բախում են ֆիքսել նեյտրոնային աստղի և սև անցքի միջև: Ինչպես հաղորդում է BBC News-ը, մասնագետները կանխատեսել էին, որ նման բախումներ տեղի կունենան, սակայն չգիտեին, թե ինչ հաճախականությամբ:

Քարդիֆի համալսարանի պրոֆեսոր Վիվիեն Ռեյմոնդը նշել է, որ ուսումնասիրությունների կենտրոնում գալակտիկաների և աստղերի ձևավորման գաղափարն է, որի մասին պատկերացումը կարող է փոխվել հետազոտության արդյունքում: Նրա խոսքով՝ արդյունքները տպավորիչ են:

«Մենք պետք է նորից գրենք տեսությունները: Մենք կրկին նոր բան ենք իմացել: Մենք պետք է շարունակենք ընդունել այն տեղեկությունը, որը տիեզերքը տալիս է մեզ»,- ասել է պրոֆեսորը:  

Ինչպես նշվում է, այս իրադարձությունները դարձել են սև անցքերի և նեյտրոնային աստղերի միաձուլման արդյունքում առաջացած գրավիտացիոն ալիքների առաջին հասանելի դիտարկումը: Հետազոտողները կարծում են, որ նման բախումներ մեզանից մեկ մլրդ լուսային տարի հեռավորության վրա տեղի են ունենում միջինում ամիսը մեկ անգամ:  

Աստղագետները 10 օրում երկու անգամ երկնային մարմինների հազվագյուտ բախումներ են արձանագրել