Ուզբեկստանում սահմանափակել են Twitter-ի, TikTok-ի և «ՎԿոնտակտե»-ի աշխատանքը
Ուզբեկստանի հսկողական մարմինները սահմանափակել են Twitter, TikTok և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի աշխատանքը անձնական տվյալների մասին օրենքը խախտելու պատճառով: Այդ մասին հուլիսի 2-ին հաղորդել Է ինֆորմատիզացիայի և հեռահաղորդակցությունների ոլորտի հսկողության պետական տեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հուլիսի 2-ին Ուզբեկստանում սոցցանցերի օգտատերերը հաղորդել են TikTok, Skype և Twitter հավելվածների աշխատանքում խափանումների մասին: Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևը հունվարի վերջին ստորագրել է «Անձնական տվյալների մասին» օրենքում կատարված ուղղումները, որոնց համապատասխան, ապրիլի 15-ից բոլոր ինտերնետ-ռեսուրսները պարտավոր են պահպանել երկրի տարածքում հանրապետության քաղաքացիների անձնական տվյալները:
Ավելի ուշ հսկողության պետական տեսչությունը հաղորդել է, որ ծանուցել է արտասահմանյան մի շարք ինտերնետ-ընկերություններին՝ Facebook Inc Google-ին, Mail.ru-ին, Microsoft Skype-ին, Telegram-ին, Tencent Wechat-ին, TikTok-ին, Twitter-ին, Yandex-ին, օրենքի նշված պահանջները կատարելու անհրաժեշտության մասին:
Անցած չորեքշաբթի՝ հունիսի 30-ին, Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևը քննադատել է Tik Tok-ում երիտասարդների տեսահոլովակները զորավար Ամիր Թեմուրի (Թամեռլան) և բանաստեղծ Ալիշեր Նավոյի պատմական հուշարձանները անարգելու համար: 2019 թվականի հոկտեմբերին Ուզբեկստանում ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների մասին» օրենքը, որի համապատասխան՝ երկրի քաղաքացիների մասին անձնական տեղեկությունները կարելի է հավաքել միայն նրանց գիտությամբ:










