Իտալիայում հայտնաբերել են Լեոնարդո դա Վինչիի՝ մինչ օրս անհայտ 13 ժառանգի
Իտալացի հետազոտողներն ստեղծել են Լեոնարդո դա Վինչիի նոր՝ առավել ամբողջական գենետիկ տոհմածառը, որի շնորհիվ հայտնաբերել են Վերածննդի դարաշրջանի մեծագույն վարպետի 13 ամնիջական ժառանգի, որոնց մասին նախկինում հայտնի չի եղել:
Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկարատև աշխատանքը կատարել են տոսկանյան Վինչի քաղաքում գտնվող Լեոնարդոյի թանգարանի հիմնադիր և տնօրեն Ալեսանդրո Վեցոզին և Լեոնարդոյի ժառանգության ասոցիացիայի նախագահ Անյեզե Սաբատոն, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակել են Journal of Human Evolution ամսագրում: Հետազոտության գլխավոր նպատակն էր իտալացի հանճարի «գենետիկ պատկերը» վերստեղծելու հնարավորություն ստանալը:
Քրտնաջան աշխատանքի, փաստաթղթերի և արխիվների երկարամյա ուսումնասիրության արդյունքում մասնագետներին հաջողվել է վերականգնել տոսկանական ընտանիքի ողջ պատմությունը 1331 թվականից մինչև մեր օրեր՝ բացահայտելով 21 սերուն:
«Մենք դեռ 2016 թվականին պարզել էինք Լեոնարդոյի կենդանի ժառանգներից 35-ին, սակայն նրանց մեծ մասն անմիջական ազգակցական կապեր չունեին: Այս առումով ամենահայտնի օրինակը հանրահայտ ռեժիսոր Ֆրանկո Ձեֆիրելին է, որը մահացել է 2019 թվականին: Սակայն այդ մարդիկ չէին կարող անհրաժեշտ տեղեկություն տալ դա Վինչիի ԴՆԹ-ի վերաբերյալ, հատկապես Y-քրոմոսոմի մասին, որը փոխանցվում է տղամարդկանց գծով և անփոփոխ է մնում 25 սերունդների ընթացքում»,- ասել է Վեցոզին:
Գիտնականները, սակայն, չեն դադարեցրել որոնումները և արդյունքում հայտնաբերել 13 ժառանգի, որոնք սերում են գեղանկարչի հորից՝ Պիերոյից և խորթ եղբորից՝ Դոմենիկոյից: Նրանց տարիքը տատանվում է 1-85 տարվա սահմանում: Նրանք բոլորն ապրում են Տոսկանայում:










