Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը

18:08 • 07.07.21

Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։ «Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է նա:

Tert.am–ի հետ զրույցում Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ նրան ձերբակալել են Երևանի սրճարաններից մեկում։

Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են»։ 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցի քննարկման ժամանակ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանն ասել էր, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իր դեմ։

«Եթե քաղաքական հետապնդման պետք է ենթարկեն ու տանեն դատեն, ուրեմն թող անեն։ Բայց ես ինքս հակված եմ այն կարծիքին, որ Սյունիքի միջանցքները, քանի որ գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք և չենք թողնելու նման բան տեղի ունենա, խնդիրը դրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ»,-ասել էր նա։