ԱՀԿ-ն նախազգուշացրել է «Քովիդ-19»-ի նոր, առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացման վտանգի մասին

19:58 • 15.07.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հարցերով կոմիտեն նախազգուշացրել է միջազգային հանրությանը մոլորակի վրա «Քովիդ-19»-ի նոր, առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացման և տարածման հավանականության մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Կոմիտեն նախազգուշացրել է «Քովիդ-19»-ի նոր և հավանաբար ավելի վտանգավոր տեսակների ի հայտ գալու և համաշխարհային տարածում գտնելու մասին, որոնք մտահոգություն են առաջացնում, քանի որ ավելի բարդ կլինի վերահսկելը»,- ասել է Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ փորձագետները նաև մտահոգություն են հայտնել առ այն, որ կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակն աշխարհում «սխալմամբ գնահատվում է որպես համավարակի ավարտ», թեև իրականում «այն երբեք չի ավարտվել»:

Կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև համավարակին արձագանքելու միջազգային ռազմավարական ծրագրի ոչ բավարար ֆինանսավորման առնչությամբ:


ԱՀԿ-ն նախազգուշացրել է «Քովիդ-19»-ի նոր, առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացման վտանգի մասին