ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հերքում է, թե պատերազմի օրերին իր բնակարանի հարցն է լուծել, բայց նա պետական ծրագրով փորձել է բնակարան ձեռք բերել, պարզապես վիճակահանությունը չի շահել․ (տեսապատկեր)
«Ժողովուրդ» օրաթերթը այսօր հրապարակում էր արել, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պատերազմի օրերին պետական ծրագրով՝ շուկայականից 30% էժան գնով ձեռք է բերել բնակարան Ադոնց փողոցում։
Պատգամավորն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է տարածված տեղեկւթյունը և պահանջել է մամուլից ևս այդ լուրը հերքել։
«Իհարկե ոչ մի վատ բան չկա հիփոթեքով բնակարան ձեռք բերելու մեջ, բայց խնդիրն այն է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը ամբողջությամբ սուտ է և հորինված․ ես բնակարան ձեռք չեմ բերել, դեռ չեմ պատրաստվում և ապրում եմ վարձով։
Այս հոդվածը հաջորդեց իմ ելույթին, որը վերաբերում էր Թագուհի Թովմասյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած ստերին, թե իբր պատգամավորներ կան, որոնք բնակարանի վարձավճարի փոխհատուցում են ստանում, բայց ապրում են իրենց բարեկամների տանը»,- գրել է Հովհաննիսյանը։
Պատգամավորը հայտնել է, որ «պատերազմի օրերին իր թիմակիցներին դավաճանած, տերերի մշտական փնտրտուքի մեջ գտնվող Թագուհի Թովմասյանը որոշել է ստերի միջոցով վարկաբեկել իր բարի համբավը ի պատասխան իր կողմից իր հասցեին հնչեցրած ճշմարիտ դիտարկմանը»։
Նա նշել է, որ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջում է հերքել իրեն վերաբերող հրապարակված սուտ և հորինված հոդվածը․« Հերքման պահանջը չբավարարելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի հետ կհանդիպենք դատարանում»,–ասել է իշխանական պատգամավորը։
Tert.am-ը պարզեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Արթուր Հովհաննիսյանը իրականում դիմել է Երևանի Ադոնցի փողոցի N 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարան գնելու համար։
Այս տեղեկությունը հրապարակված է, հավանաբար, պատգամավորը տեղյակ չէ, որ հրապարակային է այն անձանց ցուցակը, ովքեր դիմում են ներկայացնում պետական ծրագրով բնակարան ձեռք բերելու համար։

Բնակարան գնելու ցանկություն հայտնած պետական ծառայողների վերջնական ցուցակում նաև Արթուր Ղարիբի Հովհաննիսյանի անունն է, այսինքն, պատգամավորը 2020 թվականին դիմել է բնակարան ձեռք բերելու ծրագրին։
Այնուհետև, ցանկություն հայտնողների վերջնական ցուցակից Արթուր Հովհաննիսյանը տեղափոխվել է հավակնորդ ծառայողների ցուցակ, այսինքն նրա դիմումը բավարարվել է, բացի այդ, նա ճանաչվել է առաջնահերթ շահառու։ Այսինքն, քննարկել են ցանկություն հայտնող անձնանց ցանկը, համարել, որ Արթուր Հովհաննիսյանի դիմումը պետք է բավարարվի և նրան առաջնահերթ կարգով է բնակարան անհրաժեշտ։ Իսկ դա պատերազմի օրերին էր՝ 2020 թվականի հոկտեմբերի20–ին։

Այս փուլերից հետո, հիմա պատգամավորը հայտնում է, որ ինքը վարձով է ապրում,բայց վարձով է ապրում, որովհետև վիճակահանությանը մասնակցել է, բայց չի շահել։ Արթուր Հովհաննիսյանը բնակարան չի ստացել ոչ թե նրա համար, որ պատերազմի օրերին չի ցանկացել իր բնակարանի հարցը լուծել, կամ ինչպես ինքն է նշում՝ չի էլ պատրաստվում այդ հարցը լուծել, այլ պարզապես վիճակահանությամբ իր անունը չի հայտնվել բնակարան ստացող 200 շահառուների թվում։ Եթե շահեր վիճակահանությունը, ապա կունենար բնակարան, որովհետև դիմել է իր բնակարանի հարցը լուշելու համար։









