Ղրիմի ղեկավարը հերքել է Արմյանսկում զանգվածային տարհանման լուրը

14:56 • 22.11.22

Ղրիմի հյուսիսային մասում գտնվող Արմյանսկ քաղաքի բնակիչների զանգվածային տարհանման մասին տեղեկատվությունը ուկրաինական հատուկ ծառայությունների «ֆեյքն է», հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, գրում է kommersant.ru-ն։

«Սոցիալական ցանցերում և Telegram ալիքներում Արմյանսկից ենթադրյալ տարհանման մասին լուրերի վերաբերյալ՝ դրանք կեղծիքներ են։ Տարհանում չկա։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեր թերակղզու անվտանգությունն ապահովելու համար»,- իր ուղերձում ասել է նահանագապետը։

Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ նման հաղորդագրություններ են տարածվում թերակղզում իրավիճակը ապակայունացնելու համար։

Նշենք, որ քաղաքը հիմնադրվել է 18-րդ դարի սկզբին Ղրիմի հույների և հայերի կողմից։ Քաղաքը 1730-ական թվականներից հայտնի էր «Էրմենի բազար» (Ղրիմի թաթարերենից թարգմանաբար՝ հայկական շուկա) անունով ։ 1921 թվականին քաղաքը վերանվանվել է Արմյանսկ։