Մարդու իրավունքների պաշտպանություն տարածող ԵՄ-ն պետք է սկսի ինքն իրենից, մինչև այժմ չի արձագանքել Ադրբեջանի քաղաքականությանը․ Արցախի ՄԻՊ

15:56 • 13.12.22

24 ժամից ավել է դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն ամբողջ Արցախի տարածքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«ՄԻՊ-ը ահազանգեր է ստանում, որ բուժհաստատություններում դեղորայքի պաշարները մի քանի օրվա համար են և իրավիճակի շարունակականության դեպքում կանգնելու ենք լուրջ խնդրի առաջ, նույնը վերաբերում է սննդամթեքի և էներգակիրների մատակարարումներին։ 1100 մարդ ձմեռվա ցրտի պայմաններում մնացել է ճանապարհներին, նրանց թվում են 270 երեխաներ, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից։ Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականության հերթական բաղադրիչն  է, որն իրականացվում է հետևողական և համակարգված կերպով»,- ասաց Ստեփանյանը։

Խոսելով իրավիճակի լուծման հարցում ԵՄ-ի հնարավոր ազդեցության մասին՝ Գեղամ Ստեփանյանը ընդգծեց․

«ԵՄ-ն արժեքների և մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է Մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը վերջին ժամանակահատվածում  միշտ էլ ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը։ Մի կառույց, որն աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, պետք է սկսկի ինքն իրենից և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում։ Այս պահի դրությամբ 120000 մարդու իրավունքները խախտվում են ամենակոպիտ ձևով»։