Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, մենք ուզում ենք, որ տա․ տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա․ Սերժ Սարգսյան

18:39 • 02.09.23

Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, մենք ուզում ենք։ Տեսնենք՝ ում ցանկությունը կիրականանա։

Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե հնարավոր է շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացվեն, Սերժ Սարգսյանն պատասխանել է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

Հարցին՝ ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց․

«Պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչը կընկնի իր տեղը։ Ամեն ինչը հնարավոր է վերականգնել»։

Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին նաև՝ ապագա կառավարության ձևավորմանը մասնակցություն կունենա՞։  Նա բացասական պատասխան տվեց։

«Ձևավորմանը՝ ոչ, հեռացմանը»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը նշեց, որ Արցախը միշտ էլ գործոն է եղել.

«Կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու»։

Լրագրողները հարցրել են նաև Շառլ Միշելի վերջին հայտարարության մասին․

«Ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում, արցախցիները իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է նա ուրի՞շ խիզախություն նկատի ունի»,-ասել է Սերժ Սարգսյանը։